Իմ հաջողության պատմությունը

1991թ.-ին բարձր առաջադիմությամբ  ավարտելով Գորիսի թիվ 6 միջնակարգ դպրոցը,  փաստաթղթերս հանձնեցի ճարտարագիտական համալսարան:  Սակայն ինձ չհաջողվեց ընդունվել  սիրած տնտեսագիտական  մասնագիտությամբ՝ մեծ մրցակցության պատճառով:  Հուսահատվել էի:   Թվում էր,  փակվել են բոլոր հնարավորությունները: Կյանքն  ինձ համար այլ շրջադարձ էր նախապատրաստել: 1993թ.-ին ամուսնացա, երեխաներ ունեցա: Ավանդական հայկականմեծ ընտանիք էր իմ  նոր  ընտանիքը, և   նոր  պարտականությունների,   նոր  զբաղվածության    հորձանուտում,   կարծես թե    մոռացա   իմ երազանքի մասին:    Երեք տղաներս մեծացան, նրանց հետ նորից  դպրոցական  ծրագրերով  պարապում էի:  Երբ մեծ տղաս ընդունվեց համալսարան, այդ ընթացքում տեղեկացա քոլեջային կրթության հնարավորությունների մասին: Շնորհակալ եմ իմ ընտանիքին,  ամուսնուս  ծնողներին, ովքեր ամեն գնով  պաշտպանեցին  երազանքս   իրականացնելու որոշումը, որն ինձ ներշնչել էր Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի տնօրեն տիկին Ն. Ավետիսյանը: Երբեք ուշ չէ երազանքի ետևից գնալու համար:  2012թ.-ին  ընդունվելով և գերազանց առաջադիմությամբ  ավարտելով Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան  պետական  գյուղատնտեսական  քոլեջի   << Մենեջմենթ  ( ագրարային համակարգում)  >>  բաժինը՝  կառավարիչ / մենեջերի որակավորումով,  ուսումս շարունակեցի  Գորիսի պետական համալսարանում՝ միանգամից ընդունվելով <<Ձեռնարկություն-ների  տնտեսագիտություն և կառավարում>>  բաժնի երկրորդ կուրս ։  2016 թվականին ավարտելով ԲՈՒՀ-ը ՝ հրավեր ստացա   և  աշխատանքի անցա  հարազատ  քոլեջում    որպես տնտեսագիտության ամբիոնի  դասախոս։ Դրան զուգահեռ սովորում եմ Գորիսի պետական համալսարանի մագիստրատուրայի  <<Կառավարում>>  բաժնում։ Ես սիրում եմ  աշխատել երիտասարդների հետ, փոխանցել իմ գիտելիքներն ու կյանքի փորձը,  սիրում եմ նրանց տված խելացի  հարցերը,  սիրում եմ  դասամիջոցների   ուսանողական աղմուկը,    եռուզեռը:   Այստեղ ես ինձ  պահանջված մասնագետ եմ զգում և  կարող եմ վստահ հայտարարել, որ իրականացել է իմ վաղեմի երազանքը:

Գորիսի  պետական գյուղատնտեսական քոլեջի դասախոս` Ժասմենա Առուստամյան