Հաջողության բանալի
Զարմանալի է, բայց ընդամենը այս տարի ավարտելով Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի <<Անասնաբուժություն>> մասնագիտության բաժինը, աշխատանքային երկար կենսագրություն չունենալով, վստահորեն կարող եմ հայտարարել, որ իմ կյանքի մի կարևոր հատված հաջողվել է. Բարեբախտաբար ճիշտ մասնագիտություն եմ ընտրել :Մանկուց սիրում եմ կենդանիներին, շատ կապված եմ հայրենի բնությանը: Ի տարբերություն իմ հասակակիցներից շատ-շատերի, ովքեր կարծես թե համակարգչային տեղեկատվական տեխնոլոգիաների, համացանցի վիրտուալ աշխարհը գերադասում են մեծ աշխարհի կենդանի շփումներին, ինձ միշտ գրավել է մեր փոքր եղբայրների անլեզու բնական աշխարհը :Դեռ ուսանողական տարիներից, տեսական ուսուցման և գործնական պարապմունքների ընթացքում, ձգտել եմ հնարավորինս շատ սովորել, հնարավորինս հմտանալ իմ մասնագիտության մեջ: Սերնդեսերունդ մեր ընտանիքը զբաղվել է անասնաբուժական գործով, ինչպես նաև անասնապահությամբ: Տոհմիկ ֆերմերների մեր գերդաստանը նույնպես նպաստել է իմ մասնագիտական կողմնորոշմանը:Հիմա, երբ ինձ կանչում են անասնաբուժական որևէ լուրջ միջամտության, որևէ վիրահատության, ես պապիկիս աչքերում անթաքույց հպարտություն եմ տեսնում ու՝ ուրախանում: Պապիկս վստահ է,ես խելամիտ ձևով կշարունակեմ տոհմիկ մասնագիտությունը: Իսկ ես կարծում եմ. դեռ երկար ճանապարհ ունեմ անցնելու, դեռ ուսանելու շատ բան կա: Բայց վստահ եմ մասնագիտական ընտրության մեջ. Իմ քոլեջն արդեն իսկ ինձ հաջողության բանալի է տվել:
Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի շրջանավարտ` Մայիս Ասատրյան